
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
.docԶգայությունների դասակարգման երրորդ սկզբունքի հիմքում ընկած է ազդեցության աղբյուրի և ռեցեպտորի հարաբերության բնույթը: Այս չափանիշով տարբերակվում են կոնտակտային և դիստանտային զգայություններ: Կոնտակտային են այն զգայությունները, որոնց առաջացման համար անհրաժեշտ է ազդող առարկայի կամ երևույթի և ռեցեպտորի անմիջական շփում: Այդպիսիք են մաշկային, համի, օրգանական (ինտերոցեպտիվ) և կինեսթետիկ զգայությունները: Դիստանտային զգայությունների ռեցեպտորները գրգռվում են որոշակի հեռավորության վրա գտնվող առարկայի կամ երևույթի ազդեցությունից: Այդպիսիք են` լսողական և տեսողական զգայությունները: Հոտառության զգայությունը միջանկյալ տեղ է գրավում կոնտակտային և դիստանտային զգայությունների միջև:
ՏԵՍՈՂԱԿԱՆ ԵՎ ԼՍՈՂԱԿԱՆ ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ;
ՏԵՍՈՂԱԿԱՆ ԶԳԱՅԱՐԱՆ: Շրջակա միջավայրի մասին զգայական ինֆորմացիայի մեծ մասը (մոտ 90%-ը) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողական օրգանն ունի բավականին բարդ, բազմամակարդակ կառուցվածք: Տեսողությունն առաջանում է ցանցաթաղանթի վրա պատկերի արտացոլման արդյունքում: Սակայն, նախքան ցանցաթաղանթին հասնելը` լույսի ճառագայթներն, անցնելով լուսաթափանց միջավայրերի միջով (եղջերվաթաղանթ, ոսպնյակ կամ ակնաբյուրեղ և ապակենման մարմին), կորանում և բեկվում են, ինչի հետևանքով ցանցաթաղանթի վրա ստացվող պատկերը խիստ փոքրանում է և շրջվում գլխիվայր: Ցանցաթաղանթի վրա տեղակայցած են երկու տիպի լուսազգայուն ֆոտոռեցեպտորներ` ցուպիկներն (առավել լուսազգայուն են և իրականացնում են մթնշաղային տեսողությունը) ու շշիկները (կամ սրվակիկներ, իրականացնում են ցերեկային և գունավոր տեսողությունը), հորիզոնական բջիջը, ցանցաթաղանթի երկբևեռ նեյրոնները, ամակրինային և գանգլիոզ բջիջները: Ցանցաթաղանթից դուրս են գալիս տեսողական նյարդաթելիկները, որոնք գանգլիոզ բջիջների վերջույթներն են: Ֆոտոռեցեպտորների գրգռումն ակտիվացնում է երկբևեռ նեյրոնները: Երկբևեռ նեյրոնների գրգռումն ակտիվացնում է ցանցաթաղանթի գանգլիոզ բջիջները, որոնց իմպուլսները, տեսողական նյարդի միջոցով, հաղորդվում են ենթաթաղանթային տեսողական կենտրոններին, այնուհետև գլխուղեղի ծոծրակային մասում գտնվող տեսողական պրոյեկցիոն կենտրոններին:Ընդ որում, մեկ գանլիոզ բջիջի երկբևեռ նեյրոնների միջոցով կապվում են բազմաթիվ ֆոտոռեցեպտորներ:
Ցանցաթաղանթի վրա ֆոտոռեցեպտորները դասավորված են անհամաչափ: Ցանցաթաղանթի կենտրոնական փոսիկը` ֆովեան պարունակում է միայն շշիկներ: Ցանցաթաղանթի այս շրջանը, որն անվանվում է “դեղին բիծ”, գունային տեսողության առավել զգայուն շրջանն է: Դրանից ավելի հեռու, գնալով փոքրանում է շշիկների, մեծանում ցուպիկների քանակությունը, ինչի հետևանքով, ցանցաթաղանթի ֆովեայից հեռու ընկած հատվածներում թուլանում է գունային տարբերակումը: Ֆոտոռեցեպտորներն ընդհանրապես բացակայում են ցանցաթաղանթի այն հատվածում, որտեղ միանում և որտեղից դուրս են գալիս տեսողական նյարդի թելիկները: Ցանցաթաղանթի այս հատվածը ստանում է “կույր բիծ” անվանումը, քանի որ այս մասում արտացոլվող պատկերը տեսանելի չէ:
ԼՍՈՂԱԿԱՆ ԶԳԱՅԱՐԱՆ: Լսողական զգայությունը առաջանում է լսողական օրգանի վրա օդի տատանումների` ձայնային ալիքների ազդեցության արդյունքում: Լսողական օրգանը կազմված է երեք բաժիններից` արտաքին ականջ, միջին ականջ և ներքին ականջ: Ականջախեցին և արտաքին լսողական ուղին կազմում են արտաքին ականջը, կատարում են օդի տատանումների հավաքման և ուղղորդման գործառույթ: Արտաքին լսողական ուղղու միջով այդ տատանումները հասնում են թմբկաթաղանթին, որն իրարից բաժանում է արտաքին և միջին ականջները: Թմբկաթաղանթի տատանումները փոխանցվում են միջին ականջը կազմող երեք փոքրիկ ոսկրիկներին`մուրճիկին, սալիկին և ասպանդակին, որոնք հաջորդաբար ուղղորդում են այդ տատանումները դեպի ներքին ականջ: Միջին ականջի ոսկրիկների կառուցվածքի և դասավորության յուրահատկությունների շնորհիվ մեծանում է ձայնային տատանման ուժը, փոքրանում` ամպլիտուդան, ինչի արդյունքում ներքին ականջին են հասնում բավականին թույլ ձայնային ալիքներ:
Ներքին ականջում է գտնվում հեղուկով (էնդոլիմֆա և պերիլիմֆա) լեցուն բավիղը կամ լաբիրինթոսը, որը կազմված է երեք փոխուղղահայաց կիսաշրջանաձև խողովակներից և խխունջից: Խխունջի ներքին մակերևույթին է գտնվում պարուրաձև կորտյան օրգանը, որի վրա տեղակայված լսողական ռեցեպտորները մեխանիկական տատանումները վեր են ածում նյարդային իմպուլսի: Ներքին ականջում է տեղակայված նաև վեստիբուլյար ապարատը:
ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ;
Չնայած իրենց տարբերությունների, զգայությունները բնութագրվում են որոշ ընդհանուր հատկություններով: Դրանք են`
Զգայական ադապտացիա – զգայարանի զգայունակության հարմարողական փոփոխությունը գրգռիչի ինտենսիվությանը համապատասխան:
Սենսիբիլիզացիա – գրգռիչի ազդեցության հետևանքով նյարդային կենտրոնների զգայունակության բարձրացում:
Զգայության շեմեր – գրգռիչի ինտենսիվության ամենափոքր և ամենամեծ մեծությունները, որոնց դեպքում առաջանում է զգայություն: Տարբերակվում են զգայության բացարձակ վերին (գրգռիչի ամենաբարձր ինտենսիվություն), բացարձակ ստորին (գրգռիչի ամենափոքր ինտենսիվություն) և տերբերակման (երկու նույնատիպ գրգռիչների տարբերության այնպիսի մեծություն, որի դեպքում դրանք զգայվում են որպես տարբեր գրգռիչներ) շեմեր:
ԶԳԱՅՈՒԹԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ:
Անէսթեզիա (հուն. a,an –ժխտական նախածանց և aesthesis - զգայություն) – զգայության բացակայություն, առաջ է գալիս զգայական նյարդերի կամ ուղեղի (գլխուղեղի կամ ողնուղեղի) վնասման դեպքում: Կարող է առաջանալ արհեստական եղանակով` վիրահատությունների ժամանակ:
Հիպերէսթեզիա (հուն. hyper – չափից դուրս, չափազանց բարձրացված և aesthesis - զգայություն) – զգայարանների բարձրացված զգայունակության:
Հիպէսթեզիա (հուն.hypo – իջեցված, ցածրացված և aesthesis - զգայություն) – զգայարանների զգայունակության մակարդակի ցածրացում:
Դիզէսթեզիա (հուն. dys-խախտում, ժխտում և aesthesis - զգայություն) – զգայության աղավաղում, խեղաթյուրում (օրինակ` ջերմությունը կարող է զգայվել որպես սառնություն կամ ցավ):
Պարէսթեզիա (հուն. para – շեղում և aesthesis - զգայություն) – կեղծ, ինքնաբերաբար, առանց արտաքին ազդեցության առաջ եկող զգայություններ (ծակոցներ, այրում, մրջյունների զգայություն և այլն):
Սենեսթոպաթիա (հուն. koinos –ընդհանուր, aesthesis – զգայություն և pathos- հիվանդություն) – մարմնի ինչ-որ մասում առանց օրգանների և հյուսվածքների վնասմանն առաջացող տհաճ (այրում, ճնշում և այլն) զգացողություն:
Ալլոխիրիա (հուն. allos-ուրիշ և cheir-ձեռք) - զգայության խախտում, որի դեպքում մի կողմի վերջույթի գրգռումը սիմետրիկաբար տեղափոխվում է հակառակ կողմ և զգայվում որպես հենց այս վերջույթի գրգռում: Դիտվում է հիսթերիայի և ցրված սկլերոզի ժամանակ:
3.2.3.Ընկալում
Ընկալման ընդհանուր բնութագիրը, մակարդակները (զգայական ընկալում, իմաստի ընկալում, տարածության և ժամանակի ընկալում), տարատեսակները (կանխամտածված և չկանխամտածված), առանձնահատկությունները (հաստատունություն, իմաստավորվածություն, առարկայնություն, կառուցվածքայնություն, ամբողջականություն, ընտրողականություն): Ֆիգուրա և ֆոն: Ընկալման շեղումներ (իլյուզիաներ և հալյուցինացիաներ):
Ընկալումն իրական, օբյեկտիվ առարկայի, երևույթի կամ հարաբերության սուբյեկտիվ պատկերի կառուցման գործընթաց է: Այն անմիջականորեն կապված է զգայությունների հետ, սակայն, ի տարբերություն դրանց, ընկալման գործընթացում կարող են միավորել առարկայի մի քանի առանձին հատկություններ` հանդես գալով որպես մեկ ամբողջական պատկերացման, մտապատկերի բաղադրիչներ: Կախված այն հանգամանքից, թե որ զգայությունն է առաջատարը ընկալման տվյալ գործողության ընթացքում` տարբերվում են ընկալման տեսողական, լսողական, հոտառական, համային, շոշափողական տարատեսակներ:
Ընկալման գործընթացում մեծ է նախկին փորձի ազդեցությունը: Դրանից կախված փոխվում է ընկալման ուղղվածությունը, ճշգրտությունը, ընտրողականությունը: Ընկալման գործընթացի վրա նախկին փորձի ազդեցության երևույթը կոչվում է ապերցեպցիա:
Հոգեբանության մեջ տարբերվում են նաև սուբցեպցիաները: Դրանք այնպիսի ընկալումներ են, որոնց առարկան անմիջապես չի գիտակցվում:
ԸՆԿԱԼՄԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ:
Կանխամտածված ընկալում – այս դեպքում ընկալման գործողություն կապված է որոշակի խնդրի առաջադրման հետ և բնութագրվում է նպատակաուղղվածությամբ, սահունությամբ և համակարգվածությամբ:
Չկանխամտածված ընկալում – այս դեպքում ընկալումը հանդես է գալիս որպես մեկ այլ գործունեության բաղադրիչ կամ օժանդակող միջոց:
Ըստ առարկայի
Խոսքի – խոսքի նյութական միջոցների` այսինքն խոսքային հնչյունների տարբեր կոմբինացիաների վերլուծման և համադրման գործընթաց, որն իրականանում է անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևով է ներկայացվում խոսքը (գրավոր թե բանավոր):
Տարածության – հեռավորության, խորության և առարկաների տարածության մեջ տեղակայվածության ընկալում:
Ժամանակի – ժամանակային հաջորդականության և տևողության ընկալում:
Զգայական հատկությունների – զգայությունների միջոցով ստացվող որակների ընկալում:
Իմաստի – զգայությունների միջոցով ստացվող ինֆորմացիայի ենթատեքստային բովանդակությունների ընկալում:
ԸՆԿԱԼՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Հաստատունություն – ընկալման պայմանների փոփոխման լայն դիապազոնի առկայության դեպքում ընկալվող առարկայի որոշ որակների (ձև, գույն, մեծություն և այլն) հարաբերական կայունությունը:
Իմաստավորվածություն – ընկալման հատկություն, որն արտահայտում է ընկալվող առարկայի իմաստավորված լինելու երևույթը:
Առարկայնություն – ընկալման կողմից ընկալվող առարկաների, երևույթների և հարաբերությունների զգայական որակների վերագրում հենց այդ առարկաներին, երևույթներին և հարաբերություններին, այլ ոչ զգայարաններին, կամ նյարդային համակարգի կառույցներին:
Կառուցվածքայնություն – ընկալման հատկությունը, որն արտահայտում է ընկալման առանձին ակնթարթային զգայություններից վերացարկվելու, դրանց հասարակ գումարից ավելին ընկալելու ընդունակությունը: Ընկալվում է զգայություններից վերացարկված, ընդհանրացված ամբողջական կառույց, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածում:
Ամբողջականություն – ընկալման սահմաններում ցանկացած առարկա և առավել ևս տարածական առարկայական իրավիճակը դիտարկվում է որպես մեկ ամբողջություն, եթե նույնիսկ դրա որոշ մասերն անմիջականորեն չեն ընկալվում:
Ընտրողականություն - մեկ կամ մի քանի առարկաների առանձնացում այլ առարկաներից:
ԸՆԿԱԼՄԱՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԸ:
Հալյուցինացիաներ – ընկալման խանգարում, որի դեպքում առաջ են գալիս զգայություններ և մտապատկերներ առանց համապատասխան արտաքին գրգռման: Հալյուցնացիաները հիվանդի կողմից ընկալվում են որպես իրականություն: Կախված մտապատկերի բնույթից տարբերակվում են` տեսողական, լսողական, համային, հոտառական, տակտիլ, բառային, շարժողական, երաժշտական հալյուցինացիաներ:
Իլյուզիաներ – տվյալ պահին իրականում գոյություն ունեցող և զգայարանների վրա ազդող առարկայի կամ երևույթի աղճատված ընկալում:
3.2.4.Հիշողություն
Հիշողության նշանակությունն իմացական գործընթացում: Հիշողության և անցյալի փոխկապակցվածությունը: Հիշողության գործընթացները` մտապահում, պահպանում, վերարտադրում, ճանաչում: Մոռացումը որպես հիշողության որևէ գործընթացի խզում: Հիշողության տեսակներն ըստ` մտապահվող բովանդակությունների միջև կապերի (ասոցիատիվ հիշողություն, տրամաբանական հիշողություն, մեխանիկական հիշողություն, էյդետիկ հիշողություն), առարկայի (շարժողական, մտապատկերային, հուզական, բառատրամաբանական, իրավիճակային), տևողության (երկարատև, կարճատև, օպերատիվ, ակնթարթային), կամային նախատրամադրվածության (կամածին հիշողություն, ոչ կամածին հիշողություն): Հիշողության հոգեֆիզիոլոգիական մեխանիզմները: Հիշողության խանգարումներ:
Հիշողությունը անհատի կողմից իր իսկ փորձի տվյալների մտապահման, պահպանման և վերարտադրման գործընթաց է: Հիշողության արդյունքը հիշողության մտապատկերներն են:
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ:
Վերարտադրում – հիշողության գորընթաց, գիտակցության մեջ նախկինում ընկալված, սակայն ժամանակի տվյալ պահին բացակայող առարկաների, երևույթների, հարաբերությունների և մտապատկերների, ինչպես նաև նախկին փորձում տեղ գտած մտքերի, շարժումների և զգացմունքների ներկայացում:
Մոռացում – նախկին փորձի տարրերի վերարտադրման հստակության և ծավալի նվազում, որոշ դեպքերում նույնիսկ ընդհանրապես վերարտադրման և ճանաչման ընդունակության կորուստ:
Մտապահում – ստացվող ինֆորմացիայի տպավորման գործընթաց:
Պահպանում – որոշակի ժամանակահատվածում հիշողության մեջ ընկալված նյութի պահման ընդունակություն:
Ճանաչում – ընկալվող առարկայի նույնացում հիշողության մեջ պահպանվող կերպարի հետ: Իր մեջ ներառում է ինչպես հիշողական, այնպես էլ ընկալական և մտածական գործընթացներ:
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ;
Ըստ կապերի
Ասոցիատիվ հիշողություն - հիշողության տարատեսակ, որի դեպքում հիշողության տարրերը փոխկապակցվում են զուգորդական կապերի (ըստ նմանության, տարբերության, տարածական և ժամանակային համընկնման) միջոցով:
Տրամաբանական հիշողություն – հիշողության տարատեսակ, որի դեպքում հիշողության տարրերը փոխկապակցվում են որոշակի տրամաբանական կապերով (սեռ և տեսակ, պատճառ և հետևանք, էություն և երևույթ և այլն): Տրամաբանական հիշողության բովանդակությունը կազմում են բառային ձևակերպում ստացած մտքերը:
Մեխանիկական հիշողություն – հիշողության տարատեսակ, որի դեպքում հիշողության տարրերը փոխկապակցված չեն ոչ տրամաբանական և ոչ էլ զուգորդական կապերով:
Ըստ առարկայի
Շարժողական հիշողություն – շարժումների կոորդինացիայի և հաջորդականության հիշողկան գործընթաց:
Մտապատկերային հիշողություն - զգայական մտապատկերների (տեսողական, լսողական, համի, հոտի և այլն) մտապահման, պահպանման և վերարտադրման գործընթաց:
Հուզական հիշողություն – որոշակի հույզերի և զգացմունքների մտապահման, պահպանման և վերարտադրման գործընթաց:
Բառատրամաբանական հիշողություն -
Ըստ տևողության
Երկարատև հիշողություն – ինֆորմացիան տեսականորեն անսահմանափակ ժամանակահատվածում պահպանելու ընդունակ հիշողության տարատեսակ:
Կարճատև հիշողություն – ինֆորմացիան կարճ ժամանակահատվածում (առանց կրկնման միջինը 20 վայրկյան) պահպանելու ընդունակ հիշողության տարատեսակ: կարճատև հիշողության ընթացքում պահպանվում է ընկալվածի ոչ թե ամբողջական այլ ընդհանրացված մտապատկերը, առավել էական տարրերը:
Ակնթարթային հիշողություն - զգայությունների միջոցով ընկալվածի ճշգրիտ և ամբողջական պատկերի ակնթարթային պահպանման ընդունակ հիշողության տարատեսակ, որի դեպքում չի իրականանում ստացված ինֆորմացիայի վերամշակում: Ակնթարթային հիշողության միջին տևողությունը 0,1-0,5 վայրկյան է:
Օպերատիվ հիշողություն – հիշողության տարատեսակ, որտեղ ինֆորմացիան պահպանվում է որոշակի, հնարավոր է նույնիսկ վաղօրոք որոշված` մի քանի վայրկյանից մինչև մի քանի օր, ժամանակահատվածում: Պահպանման ժամանակահատվածը որոշվում է անհատի առջև դրված այն խնդրի բնույթով, որի լուծման համար անհրաժեշտ է տվյալ ինֆորմացիան:
Ըստ հատուկ նպատակադրման գործոնի
Ոչ կամածին հիշողություն - մտապահելու կամ վերարտադրելու հատուկ նպատակադրության բացակայությամբ ընթացող հիշողական գործընթաց:
Կամածին հիշողություն- հատուկ նպատակադրումով իրականացող մտապահման և վերարտադրման գործընթաց:
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ:
Ընկալված ինֆորմացիայի մտապահումն իրականանում է ժամանակավոր նյարդային կապերի առաջացման միջոցով: Այդ կապերը, կախված անհատի հիշողության առանձնահատկություններից կարող են պահպանվել բավականին երկար ժամանակ: Վերարտադրման ընթացքում ընտրողաբար ակտիվանում է այդպիսի կապերի որոշակի խումբ: Ընդ որում, այն ժամանակավոր կապերը, որոնք խանգարում են ակտիվացած կապի դուրս բերմանը, ճնշվում են:
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ - անհատի կողմից սեփական փորձի տարրերի մտապահման, պահպանման, ճանչման և վերարտադրման ընդունակության խանգարում կամ կորուստ:
Մոռացկոտություն - հիշողության թերություն, որն արտահայտվում է մոռացման գործընթացի հաճախակի դրսևորումներով:
Ամնեզիա – նախկինում ձևավորված հիշողական բովանդակությունների վերարտադրման անընդունակություն: Տարբերակվում են ամնեզիայի ֆիքսված, կոնգրադ, ռետրոգրադ,անտերոգրադ, անտերոռետրոգրադ, ուշացող առաջադիմող, հուզածին, պոստհիպնոտիկ, տարատեսակներ:
-
Ֆիքսված ամնեզիա – տարածվում է ընթացիկ իրադարձությունների վրա:
-
Կոնգրադ ամնեզիա – տարածվում է միայն հոգեկան ախտահարման ժամանակահատվածում տեղ գտած իրադարձությունների վրա:
-
Ռետրոգրադ ամնեզիա – տարածվում է հոգեկան ախտահարմանը նախորդող իրադարձությունների վրա:
-
Անտերոգրադ ամնեզիա – տարածվում է հոգեկան ախտահարմանը հաջորդող իրադարձությունների վրա:
-
Անտերոռետրոգրադ – տարածվում է ինչպես հոգեկան ախտահարմանը նախորդող, այնպես էլ հաջորդող իրադարձությունների վրա:
-
Ուշացող ամնեզիա – տարածվում է հիվանդագին հոգեկան վիճակներում տեղ գտած իրադարձությունների վրա, սակայն վրա է հասնում այդ վիճակների ավարտից հետո:
-
Առաջադիմող ամնեզիա – հիշողության պաշարների աստիճանաբար նվազեցում` ներկայից դեպի անցյալը:
-
Հուզածին – ամնեզիայի տարատեսակ, որի հիմքում ընկած է ուժեղ հուզական ցնցում:
-
Պոստհիպնոտիկ ամնեզիա – տարածվում է հիպնոսի ընթացքում հիպնոտիկ ներշնչման արդյունքում առաջացած բովանդակությունների վրա: Դրսևորվում է արթնացումից հետո:
Հիպերմնեզիա – հիշողության ուժեղացում, սովորաբար ունենում է բնածին բնույթ և բնութագրվում է միջին նորմայի համեմատ մտապահվող ինֆորմացիայի ծավալի զգալի մեծացմամբ և պահպանման ժամանակահատվածի երկարատևությամբ:
Հիպոմնեզիա - հիշողության կամ դրա առանձին գործընթացների` մտապահման, պահպանման, վերարտադրման թուլացում:
Կրիպտոմնեզիա - հիշողության ախտահարում, որի դեպքում վերացվում են սահմանները հիշողության, անհատի իրական կյանքին վերաբերող բովանդակությունների և այլ մարդկանց, գրական հերոսների, սեփական երազներում տեղ գտած կամ ուրիշներից լսված իրադարձությունների վերաբերող բովանդակությունների միջև:
Կոնֆաբուլյացիա – հիշողության ախտահարում, որի դեպքում հիվանդի մտացածին բովանդակությունները նրա կողմից ընդունվում և ներկայացվում են որպես հիշողության, իրականությանը վերաբերող բովանդակություններ:
3.2.5.Մտածողություն
Մտածողությունը որպես իմացական գործընթացի կիզակետ: Մտածողության տարատեսակներն ըստ` մտածական գործունեության առարկայի (ակնառու-գործողութային, ակնառու-պատկերավոր, բառատրամաբանական), ըստ ստացված արդյունքի նորության (արտադրող` պրոդուկտիվ, և վերարտադրող` ռեպրոդուկտիվ): Մտածողության գործընթացները (հասկացության սահմանում, դատողություն, մտահանգում, դեդուկցիա, ինդուկցիա): Մտածողության գործողությունները (վերլուծում, համադրում, վերացարկում, համեմատում, կոնկրետացում, ընդհանրացում): Մտածողության արդյունքները` մտածական մտապատկեր և միտքը: Մտածական գործընթացի խախտումներ:
Մտածողությունը մարդկային իմացության, իրականության արտացոլման բարձրագույն աստիճանն է: Այս մակարդակում արտացոլումն իրականանում է հասկացությունների և եզրահանգումների միջոցով: Մտածողությունը թույլ է տալիս ստանալ գիտելիքներ իրականության այնպիսի հատվածների մասին, որոնք անմիջականորեն չեն ընկալվում իմացության զգայական մակարդակում, բացահայտել իրականության երևույթների միջև առկա միջառարկայական կապերը: Մարդկային մտածողությունն ունի պատմահասարակական բնույթ, անքակտելիորեն կապված է պրակտիկ գործունեության հետ, ծագումնաբանորեն և գործառութաբար կապված է խոսքի հետ: Մտածողության ֆիզիոլոգիական հիմքը գլխուղեղի վերլուծահամադրական գործունեությունն է:
ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ:
Ակնառու-գործողութային մտածողություն – մտածողության տարատեսակ, որն ուղղված է իրավիճակի տեսողական հետազոտման և այդ իսկ իրավիճակում նյութական առարկաների հետ պրակտիկ գործողություններ կատարելու միջոցով պրակտիկ խնդիրների լուծմանը:
Ակնառու – պատկերավոր մտածողություն – մտածողության տարատեսակ, որն ուղղված է իրավիճակի տեսողական զննման և այդ իսկ իրավիճակը կազմող նյութական առարկաների հետ մտավոր գործողություններ կատարելու միջոցով խնդիրների լուծմանը:
Բառատրամաբանական մտածողություն – մտածողության տարատեսակ, որտեղ որպես խնդրի լուծման միջոցներ հանդես են գալիս բառային վերացարկումներն ու տրամաբանական կառուցումները:
Վերարտադրող(ռեպրոդուկտիվ) մտածողություն – մտածողություն, որի ընթացքում ակտիվանում և կիրառվում են խնդրի լուծման համար անհրաժեշտ հիշողական բովանդակությունները:
Արտադրող (պրոդուկտիվ) մտածողություն – մտածողություն, որի գործունեության արդյունքում առաջ է գալիս նոր միտք, ձևավորվում է նոր գիտելիք:
ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Հասկացությունների սահմանում – հասկացությունը մտածողության կառուցվածքային ձև է, որն արտացոլում է առարկան իր էական հատկանիշներով: Սահմանումը տրամաբանական գործողություն է, որով բացահայտվում է հասկացության բովանդակությունը, այդ իսկ հասկացության մերձավոր սեռը և տեսակային տարբերությունը նշելու միջոցով: Հասկացությունների սահմանումը առարկաների, երևույթների, հարաբերությունների առավել էական հատկություններն առանձնացնող դասերի մասին դատողությունների համակարգ է:
Դատողություն – որոշակի միտք պարունակող արտահայտություն: Մտածողության կառուցվածքային ձև, որն իրենից ներկայացնում է պնդում, այսինքն որևէ բանի հաստատում կամ ժխտում մտքի առարկայի նկատմամբ: Դատողությունները լինում են եզակի, մասնավոր և ընդհանուր: Եզակի դատողությունները վերաբերում են մեկ առարկայի, մասնավոր դատողությունները տվյալ խմբին պատկանող մի քանի առարկաների, ընդհանուր դատողություններ` տվյալ խմբի բոլոր առարկաներին:
Մտահանգում – մտածողության կառուցվածքային ձև, տրամաբանորեն փոխկապակցված դատողությունների շղթա, որից բխում է նոր դատողություն, նոր գիտելիք:
Դեդուկցիա – մտահանգման միջոց որտեղ միտքն ուղղված է ընդհանուրից դեպի մասնավորը:
Ինդուկցիա – մտահանգման միջոց, որտեղ միտքն ուղղված է մասնավորից դեպի ընդհանուրը:
ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ:
Վերլուծում (վերլուծություն) – առարկայի, երևույթի, հատկությունների և միջառարկայական կապերի մտավոր մասնատման տրամաբանական գործողություն: Անքակտելիորեն կապված է համադրման հետ:
Համադրում (համադրություն) – առանձին մասերից ամբողջության կառուցման, առարկայի տարբեր տարրերի, մասերի, կողմերի մտավոր միավորման տրամաբանական գործողություն: Վերլուծության հետ կազմում է մտածողության վերլուծահամադրողական գործունեությունը:
Վերացարկում – առարկաների, երևույթների հատկությունների և հարաբերությունների շարքից որևէ յուրահատկության կամ հարաբերության առանձնացման մտավոր գործողություն: Վերացարկման արդյունքում ձևավորվում են վերացական հասկացություններ կամ տեսական ընդհանրացումներ:
Համեմատություն - առարկաների, երևույթների նմանությունների ու տարբերությունների հիման վրա կառուցվող և այդպիսիք բացահայտող տրամաբանական գործողություն:
Կոնկրետացում – հասկացության ընդհանուր սահմանումից եզակի առարկաների կամ երևույթների որոշակի դասի պատկանելիության մասին դատողությունների դուրս բերման մտավոր տրամաբանական գործողություն: Հակադրվում է ընդհանրացմանը:
Ընդհանրացում – էական հատկության առանձնացման և առարկաների ու երևույթների որոշակի դասի վրա դրա տարածման մտավոր տրամաբանական գործողություն: Հակադրվում է կոնկրետացմանը:
ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ:
Ամբիվալենտ մտածողություն (լատ. ambi – երկուստեկ և valens, valentis – ուժ, ուժեղ) – մտածողության խանգարում, որի դեպքում միաժամանակ կարող են ի հայտ գալ իրար հակասող, բացառող մտքեր:
Ինկոհերենտ (չկապակցված) մտածողություն – (լատ. incohaerens, incohaerentis – չկապակցված, անկապ) – մտածողության ախտահարում, որի դեպքում խախտված է մտածական գործընթացների հաջորդականությունը, կտրված են դրանց առանձին օղակների զուգորդական, տրամաբանական և իմաստային կապերը:
Պարալոգիկ մտածողություն – (հուն. paralogos – անբանական, անտրամաբանական) – մտածողության խանգարում, որը բնութագրվում է տրամաբանական կապերի բացակայությամբ, տրամաբանական նախադրյալներից բխող ճշմարիտ եզրակացություններ անելու անընդունակությամբ:
Տարրական մտածողություն – մտապատկերային, տարրական կոնկրետ բնույթի մտածողություն, աղքատ տրամաբանական գործողություններով: Դիտվում է սակավամտության դեպքում:
Պառակտված մտածողություն - բնութագրվում է ներքին տրամաբանական կապերի խախտմամբ, տարաբնույթ և իմաստով չկապված տարրերի միավորմամբ, մտքերի ամբողջականության և զուգորդումների շղթայի խախտմամբ:
Պերսերվատիվ մտածողություն - մտածողության ախտահարում, որի դեպքում մի քանի անգամ կրկնվում են որոշակի մտապատկերներ, մտքեր, բառեր:
Ինֆանտիլ մտածողություն – մտածողության տարատեսակ, որը հատուկ է վաղ տարիքի երեխաներին, սակայն հանդիպում է նաև առավել մեծ տարիքում` որոշ ախտաբանական վիճակներում: Բնութագրվում է անհամատեղելի բովանդակությունների միավորմամբ, սուբյեկտիվ և օբյեկտիվ մտապատկերների տարրալուծմամբ:
Աուտիստիկ մտածողություն (հուն. autos - ինքն) – մտածողության խանգարում, որը բնութագրվում է մտածական գործընթացի ուղղվածությամբ բացառապես դեպի սուբյեկտի ներքին աշխարհը` նրա դիրքորոշումները, ապրումները, հույզերը, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը,:
Դերեիստիկ մտածողություն (լատ. de – ժխտական նախածանց և res, rei – իր, առարկա) – մտածողության խանգարում, որի դեպքում դատողություններն ու եզրահանգումները մեծամասամբ պայմանավորված են հիվանդի հույզերով և ցանկություններով, այլ ոչ իրական առարկաներով, հանգամանքներով ու տրամաբանությամբ:
Սիմվոլիկ մտածողություն – մտածողությունը, որը գործում է հիվանդի ներքին ապրումներից բխող և միայն նրան հայտնի սիմվոլների միջոցով:
Մածուցիկ մտածողություն – դանդաղած, դժվարաշարժ, անէական մանրունքների վրա կանգնող մտածողություն:
Հանգամանքային մտածողություն - ախտահարված մտածողություն, որը բնութագրվում է գլխավորի և երկրորդկանի տարբերակման ընդունակության նվազմամբ կամ բացակայությամբ:
Ցատկանման մտածողություն – մտածողության ախտահարում, որն անմիջականորեն կապված է ուշադրության բարձրացված անկայունության և դիրքորոշումների փոփոխականության հետ: Բնութագրվում է մտածական գործընթացի նպատակի հաճախակի և անտեղի փոփոխմամբ:
3.2.6.Երևակայություն:
Երևակայության և մտածողության նմանություններն ու տարբերությունները: Երևակայության գործողությունները (սոսնձում, չափազանցում, կառուցվածքագրում, տեսակավորում, ընդգծում): Երևակայության տարատեսակներն ըստ` կամային նախատրամադրվածության (ակտիվ, պասիվ), արդյունքի նորության (արտադրող և ստեղծագործական), իրականության հետ փոխհարաբերությունների (իրատեսական երևակայություն, անուրջ, երազանք, երազատեսություն, ֆանտասմագորիա): Երևակայական մտապատկերի առանձնահատկությունները: