Добавил:
Опубликованный материал нарушает ваши авторские права? Сообщите нам.
Вуз: Предмет: Файл:

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

.doc
Скачиваний:
283
Добавлен:
01.06.2020
Размер:
481.28 Кб
Скачать

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

1. Հոգեբանությունը որպես գիտություն

1.1. Հոգեբանական գաղափարների պատմական զարգացումը, «Հոգեբանության» կայացումը:

Հոգեկան իրականության ճանաչման անհրաժեշտությունն ու նպատակը: «Հոգեբանություն» (πυχολογια) հասկացության ներմուծումը: Հոգեբանական գիտելիքի պատմական զարգացման առարկայական պարբերականացում` հոգեբանությունը որպես գիտելիք հոգու, գիտակցության, վարքի, հոգեկանի մասին: Հոգեբանական գիտելիքի պատմական զարգացման մեթոդաբանական պարբերականացում` անիմիստա­ծիսակարգային հոգեբանություն, առասպելաբանական հոգեբանություն, փիլիսոփայական հոգեբանություն, կրոնական հոգեբանություն, գիտական հոգեբանություն: Ժամանակակից հոգեբանական ուղղություններ:

Բոլոր ժամանակներում մարդուն հետաքրքրել են հոգեկան իրականության գաղտնիքները: Լինելով անտեսանելի` հոգին կենդանացնում է տեսանելին, լինելով աննյութական, հոգին շարժում է նյութը, լինելով անզգայելի` հոգին օժտում է զգայությամբ: Մարդը բոլոր ժամանակներում համոզված է եղել, որ հոգին գոյություն ունի, որ այն կազմում է իր իսկ էության հիմքը և միշտ փորձել է ավելին իմանալ նրա մասին:

Ժամանակակից գիտական համակարգում հոգեկան իրականության օրինաչափությունների բացահայտման «պարտականությունը» դրված է «Հոգեբանության» վրա: «Հոգեբանություն» հասկացությունը (հունարեն` ψυχολογια, փսիխե` ψυχη- հոգի և լոգիա` λογια, λογοε- խոսք, օրենք, գիտելիք բառերից) որպես հոգու մասին գիտության նշանակ գործածության մեջ է մտել 16-րդ դարում: Ներկայումս վիճելի է այս հասկացության ներմուծման հեղինակության հարցը: Որոշ դեպքերում այն վերագրվում է գերմանացի փիլիսոփա Ֆիլիպ Մելանքտոնին1 (1497-1560), ով սակայն այս հասկացությունը չի գործածում որևէ աշխատության մեջ: Համենայն դեպս այդպիսի աշխատություններ ներկայումս հայտնի չեն: Ըստ ժամանակակիցների վկայությունների` նա առաջին էր, որ psychologia հասկացությունը գործածում է իր դասախոսություններում: “Ψυχολογια” հասկացության հեղինակներ են դիտարկվում 16-րդ դարի ևս երկու գերմանացի փիլիսոփաներ` Ռուդոլֆ Գյոկելը (1547-1628) և Օտտո Կասմանը (1562-1607): Ըստ մեկ այլ կարծիքի` Մելանքտոնից, Գյոկելից և Կասմանից առաջ խորվաթ բանաստեղծ Մարկո Մարուլիկն (1450-1524) է, որ առաջին անգամ կիրառեց «հոգեբանություն» հասկացությունը (psichiologia տարբերակով): Պսիխոլոգիա հասկացության հետ համատեղ, որպես հոգու մասին գիտության նշանակ կիրառվում էր նաև պնևմատիկա (լատ. pneumatika, հուն. πνεΰμα- շնչառություն, օդ, քամի, հոգին, ոգին, կենսական ուժը) հասկացությունը:

Ինչպես տեսնում ենք, բոլոր դեպքերում «հոգեբանություն» հասկացության արմատը «հոգի»-ն է (հուն. ψυχη կամ πνεΰμα): Ընդհանուր առմամբ «հոգի» հասկացություն իր մեջ ամբողջականացնում է անհատի ներաշխարհը, նրա գի­տակ­ցութ­յունը, անգիտակցականը, ինքնագիտակցությունը, մտապատկեր­ները, հիշողությունները, ցանկություն­ները, հույզերն ու ապրումները: Ժամանակակից գիտական ոլորտում «հոգի» հասկացությունը փոխարինվում է «հոգեկան» հասկացությամբ: Հոգեկանի դրսևորումների հետազոտությամբ որպես գիտություն զբաղվում է հենց «Հոգեբանությունը»: Հոգեբանությունն ուսումնասիրում է անհատի հոգեկան կյանքի փաստերը, բացահայտում է դրանց զարգացման և դրսևորման օրինաչափությունները, դրանց հիմքերում ընկած մեխանիզմները: Այդուհանդերձ, հնարավոր չէ միանշանակորեն սահմանել հոգեկանը. այն բազմակողմանի է և հանդես է գալիս տարբեր դրսևորումներով: Դա է պատճառը, որ տարբեր ժամանակաշրջաններում, ինչպեսև ժամանակակից հոգեբանության տարբեր ուղղություններում հոգեկանի մեկնաբանությունները տարբեր են, շատ դեպքերում նույնիսկ իրարամերժ:

Անդրադառնալով հոգեբանական գիտելիքի պատմական զարգացմանը, հարկ է նշել, որ այստեղ նկատվում են որոշակիորեն առանձնացող փուլեր, որոնք տարբերվում են ինչպես իրենց առարկայական ուղղվածությամբ, այնպես էլ գիտելիքի ստացման և արտահայտման առանձնահատկություն­նե­րով:Այս առումով, սովորաբար, առանձնացվում են հոգեբանական գիտելիքի զարգացման փուլեր` կախված ուսումնասիրության առարկայից (առարկայա­բա­նական պարբերականացում) և գիտելիքի ստացման ու ներկայացման մեթոդից (մեթոդաբանա­կան, աշխարհայացքային պարբերականացում):

Հոգեբանական գիտելիքի պատմական զարգացման առարկայաբանական պարբերականացում`

1.Հոգեբանությունը որպես գիտություն հոգու մասին - հնագույն ժամա­նակ­ներից մինչև 15-րդ դար: Հոգին դիտարկվում է որպես ինքնուրույնաբար գոյություն ունեցող էություն, կյանքի և բանականության կրող: Միավորվելով մարմնի հետ հոգին կենդանացնում է այն, սակայն կարող է և լքել մարմինը` թողնելով նրան անկենդան վիճակում:

2.Հոգեբանությունը որպես գիտություն գիտակցության մասին – 15-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը: Կապված է իմացաբանական խնդիրների կարևորման հետ: Հոգին նույնացվում է գիտակցությանը, որպես ուսումնասի­րութ­յան հիմնական առարկա հանդես են գալիս գիտակցության բովանդա­կութ­յունները: Հիմնական մեթոդներն են դիտումը և ինքնա­դի­տումը (ինթ­րոսպեկ­ցիան):

3. Հոգեբանությունը որպես գիտություն վարքի մասին – 20-րդ դար: Կապված է հոգեբանության գիտականացման փորձերի հետ: Հոգեբանական հետազոտության դաշտից դուրս են մղվում սուբյեկտիվ, ներհոգեկան երևույթները (գիտակցության բովանդակությունները), որպես ուսումնասի­րության առարկա ընդունվում է օբյեկտիվ դիտարկման ենթակա վարքը:

4.Հոգեբանությունը որպես գիտություն հոգեկան գործընթացների, վիճակների, առանձնահատկությունների մասին: 20-րդ դարի կեսերից մինչև մեր օրերը: Կապված է հոգեբանության, որպես ինքնուրույն գիտություն, կայացման հետ: «Հոգի» հասկացությունը փոխարինվում է «հոգեկան» հասկացությամբ, որում միավորվում են անհատի ներաշխարհի բովանդակությունները, նրա ապրումները, մտապատկերները, գործու­նեութ­յան դրդապատճառները:

Մյուս կողմից, ելնելով տարբեր ժամանակաշրջաններում գերիշխող աշխարհայացքային առանձնահատկություններից, հոգու մասին գիտելիքի կառուցման և արտահայտման ձևերի, մեթոդների տարբերություններից, հոգեբանական գիտելիքի հիմքում ընկած կանխադրույթներից, կարելի է տալ հոգեբանական գիտելիքի պատմական զարգացման մեթոդաբանական պարբերականացում:

Հոգեբանական գիտելիքի պատմական զարգացան մեթոդաբանական պարբերականացում`

1.Անիմիստածիսակարգային հոգեբանություն (անիմա - հուն. άυεμοζ, լատ. anima, animus – հոգի, ոգի բառից) – հնագույն ժամանակներից մինչև մ.թ.ա. 2-րդ հազարամյակ (առանձին դեպքերում անիմիստական պատկերացումները հանդիպում են առավել ուշ շրջանում` 16-րդ դարում շվեյցարացի բժիշկ և փիլիսոփա Պարացելսուսի (1493-1541), իտալացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ջերոնիմո Կարդանուսի (1501-1576), 18-րդ դարում` գերմանացի քիմիկոս և բժիշկ Գեորգ Շթալի (1660-1734, Շթալն առաջինն էր, որ կիրառեց «անիմիզմ» հասկացությունը) համակարգերում):

Գիտելիքի ստացման և արտահայտման ձևերը` շրջապատող իրականութ­յան մասին պատկերացումները ձևավորվում են արտաքին և ներքին փորձերի համադրությունից: Մեծ ազդեցություն ունեն տվյալ հասարակությունում ընդունված խմբային պատկերացումները, որոնք հասարակության առանձին անդամի կողմից ընդունվում են առանց որևէ քննադատության: Գիտելիքն արտահայտվում է տարբեր ծիսակատարութ­յուն­ների և արարողակարգերի միջոցով (հուղարկավո­րութ­յուն, ամուսնություն, զոհաբերություն, հիվանդությունների բուժում և այլն):

Կանխադրույթները` ամբողջ տիեզերքը բնակեցված է հոգևոր, կենդանի էակներով: Բնական երևույնթերի հիմքում ընկած են գերբնական պատճառներ: Առանձին մարդու հոգին դիտարկվում է որպես կենսուժ, երազներում և տեսիլքներում հանդիպող կրկնորդ: Չկա ներքին և արտաքին իրականությունների հստակ սահմանազատում:

2.Առասպելաբանական հոգեբանություն – մ.թ.ա. 2-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 6-րդ դար:

Գիտելիքի ստացման և արտահայտման ձևերը` առասպելաբանական պատկերացում­ները ձևավորվում են արտաքին և ներքին փորձերի համադրությունից, դրանց երևակայական մեկնաբանությունից: Խմբային պատկերացումները շարունակում են անվերապահորեն ընդունվել որպես անհերքելի ճշմարտություններ: Գիտելիքը ներկայացվում է այլաբանական, սիմվոլական ձևով, հանդես գալիս որպես ընդունված, անփոփոխ հավատալիքների համակարգ: Առասպելների մեջ միասնաբար ներկայացվում են հնագույն մարդու կրոնական, բարոյական, պատմագիտական, հոգեբանական և բնագիտական պատկերացումները:

Կանխադրույթներ` շարունակում են գերիշխել անիմիստական պատկերացումները, հոգին դիտարկվում է որպես կենսուժ, կրկնորդ: Առանձնացվում են հատուկ հոգևոր ուժով և զորությամբ օժտված էություններ` աստվածություններ և հերոսներ:

3.Կրոնական հոգեբանություն` - հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Կրոնական աշխարհայացքն առանձնանում է հատուկ զորությամբ օժտված գերբնական էակների` աստվածների (բազմաստվածություն, պոլիթեիզմ) կամ մեկ աստծո (միաստվա­ծութ­յուն, մոնոթեիզմ) պաշտամունքով:

Գիտելիքի ստացման և արտահայտման ձևերը` գիտելիքը դիտարկվում է որպես աստվածային բացահայման արդյունք, տրվում է մարգարեների և առաքյալների միջոցով: Գերիշխում են եկեղեցական դոգմաներն ու նախասահմանումները: Առավել մեծ ուշադրության են արժանանում բարոյագիտական, էսխատոլոգիական և սոտերիոլոգիական հարցերը:

Կանխադրույթները` ամբողջ աշխարհը դիտարկվում է որպես աստվածային արարչագործության արդյունք: Այդուհանդերձ, այն, ժամանակ առ ժամանակ կորցնում է իր նախասկզբնական կատարելությունը և զգացվում է աշխարհի նորացման անհրաժեշտութ­յուն (աշխարհի (հին աշխարհի) վերջի գաղափարը): Առաջին պլան է մղվում չարի և բարու, լույսի և խավարի հակամարտությունը: Երկրային կյանքի դժվարություններին հակադրվում է երկնային երանությունը: Հոգին դիտարկվում է որպես աստվածային էության մասնիկ, որը կախված մարդու երկրային կյանքի ընթացքում կատարած արարքներից կարող է պարգևատրվել կամ պատժվել: Կրոնական բարոյագիտության հիմքում ընկած է մեղքի հասկացությունը, որը որոշիչ դեր է կատարում աշխարհի նորացման ժամանակ հոգու փրկության հարցում. մեղավորների հոգիները դատապարտվում են, անմեղներինը` փրկվում:

4.Փիլիսոփայական հոգեբանություն`- մ.թ.ա. 1-ին հազարամյակից մինչև մեր օրերը:

Գիտելիքի ստացման և արտահայտման ձևերը` հավատալիքներն իրենց տեղը զիջում են տրամաբանական, քննադատական գիտելիքին: Իրարից առանձնացվում են իրականության մասին գիտելիքը` էպիստեմեն (հուն. έπιστήμη) ու կարծիքը` դոխան (հուն. δόξα), ընդունվում է իրականության մասին կեղծ և ճշմարիտ գիտելիքի հնարավորությունը: Իրականությունը ճանաչվում է տրամաբանական գործողությունների, դեդուկտիվ կամ ինդուկտիվ եզրահանգումների միջոցով: Ձևավորվում և ճշգրտվում են հատուկ կատեգորիաներ, հասկա­ցութ­յուն­ներ: Առանձնացվում են գիտելիքի ոլորտներ` գոյաբանություն, իմացաբանություն, բարոյագիտություն, բնագիտություն, մարդաբանություն, քաղաքագիտություն և այլն:

Կանխադրույթներ` իրականությունը ճանաչելի է և հանդես է գալիս որպես իմացության առարկա: Տիեզերքը դիտարկվում է որպես բնական օրինաչափութ­յուն­ների ամբող­ջա­կա­նութ­յուն. անիմիստական աներևույթ ոգիներն ու հոգիները, առասպելաբանական երևակա­յա­կան աստվածություններն իրենց տեղը զիջում են բնական ուժաբանական հակազդեցություն­նե­րին: Հոգին ենթարկվում է համատիե­զե­րա­կան օրինաչա­փութ­յուն­ներին և դիտարկվում որպես գոյության յուրահա­տուկ ձև (նյութա­պաշ­տական ուղղություններում (մատերիալիզմ, լատ. materia, materialis - նյութ, նյութական բառերից)` որպես նյութի գործառույթ, դրսևորում, ոգեպաշ­տա­կան (սպիրիտուալիզմ, լատ. spiritus - ոգի բառից) ուղղութ­յուն­նե­րում` որպես նախահիմք, կենսապաշտական (վիտալիզմ, լատ. vita, vitalis - կյանք, կենսական բառերից) ուղղություններում` որպես կենսուժ):

5.Գիտական հոգեբանություն` - 19-րդ դարից մինչև մեր օրերը:

Գիտելիքի ստացման և արտահայտման ձևերը` գիտելիքը ստացվում է ճշգրիտ գիտահետազոտական մեթոդների կիրառությաբ ստացված տվյալների տրամաբանական ընդհանրացման արդյունքում: Մասնավորեցվում են գիտության առանձին բնագավառներ: Լայնորեն կիրառվում են մաթեմատիկական ապարատը, փորձարարական ճշգրիտ սարքավորումներ ու գործիքներ: Մշակվում են գիտականության հատուկ չափանիշներ:

Հիմնական կանխադրույթներ` հոգին դիտարկվում է որպես բնական երևույթ, հետազոտվում բնական երևույթների նմանությամբ: Հերքվում է հոգու ինքնուրույն (անմարմին) գոյությունը: «Հոգի» հասկացությունը փոխարինվում է «հոգեկան» հասկացութ­յամբ: Հոգեկան երևույթները բխեցվում են հոգեկանի նյութական հիմքի` նյարդային հա­մա­կարգի գործունեությունից:

Հոգեբանական գիտելիքի պատմական զարգացման առարկայաբանական և մեթոդաբանական պարբերականացման հարաբերակցումը.

Առարկայաբանական պարբերականացում

Մեթոդաբանական պարբերականացում

1.Գիտություն հոգու մասին

1.Անիմիստածիսական

2.Առասպելաբանական

3.Կրոնական

4.Փիլիսոփայական

2.Գիտություն գիտակցության մասին

3.Գիտություն վարքի մասին

5.Գիտական

4.Գիտություն հոգեկանի (հոգեկան գործընթացների, վիճակների, առանձ­նա­հատ­կությունների) մասին


Պատմական զարգացման ընթացքում հոգեկանի մասին գիտելիքն աստիճանաբար կուտակվել, համակարգվել և դասակարգվել է, ինչի արդյունքում մեր օրերի հոգեբանությունը հանդես է գալիս որպես ինքնուրույն գիտություն, իր առարկայով, մեթոդներով և խնդիրներով: Այդուհանդերձ, ժամանակակից հոգեբանության առարկայական դաշտում բազմաթիվ տեսություններ ոչ միայն տարբերվում են հոգեկանի իրենց նկարագրություններով, այլև, որոշ դեպքերում նույնիսկ հակադրվում: Որպես օրինակ նշենք մի քանի հոգեբանական ուղություններ և դրանց հետազոտական ոլորտները`

Ասոցիատիվ հոգեբանություն – Սփենսեր, Ցիգեն, Բեն – որպես հոգեբանության առարկա դիտարկվում են հոգեկան բովանդակությունների միջև առկա կապերը, մտապատկերների զուգորդումները` ասոցիացիաներն ու դրանց վերադասավորումների օրինաչափությունների հետազոտությունը:

Ստրուկտուրալիզմ – Վունդտ, Թիթչեներ – որպես հոգեբանության առարկա ընդունվում են հոգեկան բովանդակությունների կառուցվածքային տարրերն ու դրանց փոխհարաբերություններ:

Ֆունկցիոնալիզմ – Լանգե, Ռիբո, Ջեյմս, Դյուի – հետազոտում է հոգեկան բովանդակութ­յուն­ների գործառույթները, անհատի շրջակա միջավայրին հարմարվելու տեսանկյունից:

Ֆրոյդիզմ, հոգեվերլուծություն – Ֆրոյդ – հետազոտվում են հոգեկան բովանդակութ­յուն­ների ախտահարումները, անգիտակացական հոգեկան բովանդակությունները, մղումները, մոտիվները, գիտակցության և անգիտակցականի փոխհարաբերությունները:

Վերլուծական հոգեբանություն – Յունգ, Նոյման – հետազոտվում են հոգեկան կոլեկտիվ բովան­դա­կութ­յուն­ները` արքետիպերը, որոնք ընդհանուր են ողջ մարդկության համար:

Բիհեվիորիզմ – Թորնդայք, Ուոթսոն – հետազոտվում են անհատի վարքը, վարքային դրսևորումները: Որպես հոգեբանության առարկա մերժվում են ներհոգեկան բովանդակութ­յուն­ները, առաջին պլան են մղվում վարքի տարբեր ձևերի հետազոտությունները: Վարքը դիտարկվում է որպես արտաքին ազդակներին օրգանիզմի հակազդեցություն:

Գեշտալտ հոգեբանություն – Վերտհայմեր,Կոֆկա,Քյոլեր,Լևին – հետազոտվում են ըն­կալ­ման և մտածողության կառուցվածքային և ուժաբանական օրինաչափությունները: Գեշտալտ հոգեբանությունը դեմ է ստրուկտուրալիզմին. այստեղ հոգեկանում առկա ամբողջական կառույցներն ավելին են քան դրանց բաղադրիչների հասարակ գումարը:

Հումանիստական (նաև ֆենոմենոլոգիական) հոգեբանություն – Օլպորտ, Մասլոու, Ռոջերս – հետազոտվում է անձն իր ամբողջականության մեջ, որպես անընդհատ զարգացող միասնական համակարգ:

Էկզիստենցիալ հոգեբանություն – Բինսվանգեր, Ֆրանկլ, Մեյ – հոգեբանության հիմնա­կան առարկան մարդու կեցության` կյանքի և մահվան, ազատության, պատասխանատվութ­յան, ընտրության, սիրո և միայնության, կյանքի իմաստի խնդիրներն են:

Կոգնիտիվ հոգեբանություն – Քելլի, Նայսեր, Միլեր - հետազոտվում են իմացական ոլորտի օրինաչափությունները, շրջապատող միջավայրի մասին գիտելիքի կառուցման գործըն­թացը, այդ իսկ գործընթացում տեղ գտած աղավաղումներն ու շեղումները:

Ինչպես տեսնում ենք, հոգեբանության ուղություններն ակնհայտորեն տարբերվում են իրենց հետազոտության առարկաներով: Նմանատիպ պայմաններում հարկ է տալ հոգեբանութ­յան առարկայի այնպիսի սահմանում, որն ի վիճակի կլինի իր մեջ ներառել եթե ոչ բոլոր, ապա գոնե հոգեբանական ուղղությունների մեծ մասի հետազոտության առարկաները:

1.2. Հոգեբանության առարկան

Հոգեկանը որպես գիտական հոգեբանության առարկա: Հոգեկանի գործառույթները` կենսագործունեության ապահովում, իրավիճակի ճանաչում և գնահատում, վարքի կարգավորում: Հոգեկանի ոլորտները` մոտիվացիոն ոլորտ, իմացական ոլորտ, հուզազգացմունքային ոլորտ, կամային ոլորտ: Հոգեկանի գործառույթների և հոգեկան ոլորտների փոխադարձ կապը: Հոգեկանի դրսևորման հիմնական ձևերը` հոգեկան վիճակներ, գործընթացներ, անհատական առանձնահատկություններ: Հոգեկան և նյարդային համակարգ:

Չնայած հոգեբանական առանձին ուսմունքների, տեսությունների և ուղղությունների ակն­հայտ տարբերությունների` հոգեբանական գիտելիքն իր բազմազանության մեջ հիմնը­վում է հոգեկան կյանքի որոշակի ընդհանուր օրինաչափությունների վրա: Նմանատիպ օրինա­չա­փութ­յունների ընդհանրացման արդյունքում էլ հենց հնարավոր է տալ «Հոգեբա­նութ­յան» առարկայի սահմանումը:

«Հոգեբանության» առարկան անհատի հոգեկանն է, հոգեկանի ընդհանուր դրսևորումները, անհատի սուբյեկտիվ, ներքին ապրումները, հոգեկերտվածքի առանձնահատկությունները, հոգեկան գործընթացները, վարքի ներքին կարգավորիչները, մտքերի ու մտապատկերների ամբողջությունը, ներհոգեկան բովանդակությունների կառուցվածքային և գործառնական օրինաչափությունները:

Այսպիսով, ժամանակակից «Հոգեբանության» առարկան հոգեկանն է` իր բոլոր դրսևորումներով: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում հոգեկանը: Որպեսզի հնարավոր լինի պատասխանել այս հարցին անհրաժեշտ է տալ հոգեկանի գործառութային և կառուցվածքային նկարագրությունը, առանձնացնել հոգեկանի հիմնական դրսևումների ձևերը:

Հոգեկանի գործառույթները: Հոգեկանի գործառութային նկարագրությունը պարզաբանում է հոգեկանի նշանակությունը, դերը, գործառույթները: Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել հոգեկանի չորս գործառույթներ: Դրանք են` կենսաապահովման, ճանաչման, գնահատման և վարքի կարգավորման գործառույթները:

Օրգանիզմի գոյատևումն անմիջականորեն կապված է սեփական պահանջմունքների բավարարման հետ: Սակայն պահանջմունքն, ինքնին, պասիվ է, այն ընդամենը ցույց է տալիս ինչ-որ բանի պակաս, կարիք: Պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ է որոշակի շարժում դեպի պահանջմունքի առարկան: Կենսաապահովման գործառույթի հիմնական նշանակությունը հենց այդ շարժման խթանումն է, հրահրումը: Այստեղ պահանջմունքը վերածվում է մղումի: Հոգեկանը մղում է ամբողջ օրգանիզմը դեպի պահանջմունքի բավարարումը:

Պահանջմունքների բավարարման հիմնական միջավայրը արտաքին միջավայրն է: Եվ, որպեսզի հնարավոր լինի գտնել պահանջմունքի բավարարման առարկան, ինչպեսև դեպի դա տանող առավել արդյունավետ ճանապարհը, անհրաժեշտ է ճանաչել շրջապատող աշխարհը, գնահատել արդի իրավիճակը: Ճանաչման գործառույթի միջոցով հոգեկանը նույնականացնում, դասակարգում, խմբավորում, կանխատեսում է շրջապատող իրականության երևույթները: Գնահատման գործառույթի միջոցով որոշվում է իրավիճակի արժեքը պահանջմունքների բավարարման տեսանկյունից:

Այնուհետև, հենվելով գնահատման և ճանաչման արդյունքում ստացված տվյալների վրա, համադրելով դրանք պահանջմունքներից բխող մղումների հետ, հոգեկանը կարգավորում է օրգանիզմի վարքային դրսևորումները, դրանք համապատասխանեցնելով արտաքին իրականության պայմաններին:

Հոգեկանի կառուցվածքային նկարագրությունը: Համաձայն նշված գործառույթների հոգեկանը պայմանականորեն տարաբաժանվում է չորս` մոտիվացիոն-դրդապատճառային, իմացական, հուզազգացմունքային և կամային ոլորտների կամ մակարդակների: Այդ ոլորտներից յուրաքանչյուրը տարբերվում է ինչպես իր բովանդակություններով, այնպես էլ գործառույթով: Մոտիվացիոն-դրդապատճառային ոլորտում միավորվում են անհատի կենսագործունեության խթանիչները` նրա պահանջմունքները, մղումները, հետաքրքրութ­յուն­ները, նախասիրությունները: Որպես իմացական ոլորտի բովանդակություններ դիտարկվում են իմացական գործընթացները և դրանց արդյունքները: Հուզազգացմունքային ոլորտը կազմված է հույզերից, ապրումներից և զգացմունքներից: Կամային ոլորտը ներառում է կամային գործընթացի բաղադրիչները:

Հոգեկանի առանձնացված գործառույթների ու ոլորտների միջև կա որոշակի համապատասխանություն: Կենսաապահովման գործառույթն իրականանում է մոտիվացիոն-դրդապատճառային ոլորտում, ճանաչման գործառույթը` իմացական, գնահատման գործառույթը` հուզազգացմունքային, վարքի կարգավորման գործառույթը` կամային ոլորտներում: Ընդ որում, հոգեկանի նշված չորս մակարդակներն իրենց գործառույթներով սերտորեն փոխկապակցված են և հանդես են գալիս որպես մեկ անքակտելի ամբողջություն: Բերված դասակարգումը զուտ պայմանական է և ունի մեթոդաբանական նշանակություն:

Հոգեկանի գործառույթների և ոլորտների փոխադարձ կապը.

Իրականացվող գործառույթ

Գործառույթի իրականացման ոլորտը

կենսաապահովման

մոտիվացիոն-դրդապատճառային

ճանաչման

իմացական

գնահատման

հուզազգացմունքային

վարքի կարգավորման

կամային

Հոգեբանական գրականության մեջ հանդիպում է հոգեկանի գործառույթների այլ տարաբաժանում: Առանձնացվում են իրականության արտացոլման և վարքի ու գործունեության կարգավորման գործառույթները:

Արտացոլումը մի օբյեկտի կողմից մյուս օբյեկտի առանձնահատկությունների, կառուցվածքային յուրահատկությունների, հարաբերությունների համապատասխան վերարտադրման ընդունակություն է:

Արտացոլման հիմնական մակարդակները`

1.Ֆիզիկական արտացոլում – իրականանում է ֆիզիկական մակարդակում, ազդեցության արդյունքում առաջ են գալիս մեխանիկական, օպտիկական և այլ ձևափոխություններ:

2.Ֆիզիոլոգիական արտացոլում – իրականանում է ֆիզիոլոգիական մակարդակում, ազդեցության արդյունքում փոփոխվում են ֆիզիոլոգիական վիճակները:

3.Հոգեկան արտացոլում – արտացոլման ակտիվ գործընթաց, ազդեցության հետևանքով ձևավորվում են ներհոգեկան նոր բովանդակություններ, որոնց հետագա դրսևորումների արդյունքում ձևափոխվում է ազդող իրականությունը:

Վարքի և գործունեության կարգավորումը բարդ գործընթաց է, որի արդյունքում սուբյեկտի վարքը հարմարեցվում է միջավայրի պայմաններին, համապատասխանեցվում առկա իրավիճակին: Վարքի կարգավորումն անհրաժեշտ է կենսագործունեությունն անհրաժեշտ մակարդակի վրա պահելու համար:

Վարքի կարգավորման հիմնական մակարդակները:

1.Հումորալ կարգավորում – իրականացվում է ներքին գեղձերի կողմից արտադրվող հորմոնների (ադրենալին, նորադրենալին և այլն) միջոցով, ունի ֆիզիոլոգիական բնույթ: Խիստ դետերմինացված է:

2.Նյարդային կարգավորում – իրականանում է նյարդային գործունեության արդյունքում (պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսներ): Դետերմինացված է:

3.Հոգեկան կարգավորում – վարքը կարգավորվում է համաձայն գիտակցության մեջ առկա օրինակելի նմուշի, կիրառվում են հոգեկան բովանդակությունները, ստեղծվում են վարքի նոր ձևեր: Դետերմինացված չէ, ունի տատանման որոշակի տիրույթ:

Վարքի և գործունեության կարգավորման թվարկված երեք մակարդակները փոխկապակցված են և լրացնում են միմյանց: Արտացոլման և վարքի կարգավորման գործընթացները նույնպես սերտորեն փոխկապակցված են: Առանց համապատասխան արտացոլման հնարավոր չէ կարգավորել վարքն ու գործունեությունը: Մյուս կողմից, հոգեկան արտացոլումն, ի տարբերություն արտացոլման ֆիզիկական և ֆիզիոլոգիական մակարդակների, պասիվ չէ, այն ուղեկցվում է որոշակի գործունեությամբ` ընտրությամբ, որոնումով և բնութագրվում է որոշակի ակտիվությամբ, վարքային դրսևորման ձևի ընտրությամբ:

Հոգեկանի դրսևորման ձևերը: Նշված գործառույթների իրականացման ընթացքում հոգեկանը դրսևորվում է երեք հիմնական ձևերով` որպես հոգեկան գործընթացներ, հոգեկան վիճակներ, անձնային առանձնահատկություններ:

1.Հոգեկան գործընթացները շարունակական հոգեկան երևույթներ են, կազմված իրար հերթականաբար հաջորդող փուլերից: Առանձնացվում են իմացական, հուզական և կամային գործընթացներ: Իմացական գործընթացներն առավելապես կապված են ճանաչման, իրականության արտացոլման գործառույթի հետ: Իմացական գործընթացները, որպես մեկ ամբողջություն, իրենցից ներկայացնում են շրջակա կենսամիջավայրի հետ փոխհարաբերությունների արդյունքում այդ իսկ միջավայրի մասին գիտելիքների ստացման և կուտակման գործընթաց:

Իմացական գործընթացներն են` զգայությունները, ընկալումը, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը, ուշադրություն, խոսք:

Հուզական գործընթացները կապված են գնահատման գործառույթի հետ և իրականանում են հոգեֆիզիոլոգիական մակարդակում:

Կամային գործընթացները կապված են վարքի և գործունեության կարգավորման գործառույթի հետ և իրականանում են իմացական ու հուզական գործընթացների անմիջական մասնակցությամբ:

2.Հոգեկան վիճակներն ի տարբերություն հոգեկան գործընթացների հարաբերականորեն կայուն են: Դրանք հոգեկան ակտիվության մակարդակներ են, որոնք որպես ֆոն են ծառայում հոգեկան գործընթացների դրսևորման համար, կախված են դրանց դրսևորումներից, իրենց հերթի որոշելով այդ իսկ դրսևորումների առանձնահատկութ­յուն­ները: Տարբերակվում են գիտակցության վիճակներ, մոտիվացիոն վիճակներ, հուզական վիճակներ, իմացական վիճակներ, կամային վիճակներ: Գիտակցության վիճակները բնորոշվում են գիտակցական ակտիվության մակարդակով (գիտակից կամ անգիտակից վիճակներ, քուն, արթմնություն, նինջ և այլն): Մոտիվացիոն վիճակներն արտահայտում են գործունեության դրդապատճառի ինտենսիվության աստիճանը (հետաքրքրություն, անտարբերություն և այլն): Հուզական վիճակներն արտահայտում են տվյալ պայմաններում գերակայող հուզական ֆոնը (աֆեկտիվ, էյֆորիկ, տագնապային և այլ վիճակներ): Իմացական վիճակներն արտահայտում են իմացական գործընթացների ուղղվածությունն ու ընթացիկ ակտիվությունը (ցրվածություն, տարակույս, կենտրոնացվածություն, անուրջ և այլն): Կամային վիճակները` անհատի կամային տրամադրվածությունը (հաստատակամություն, շփոթվածություն և այլ):

3. Անձնային առանձնահատկությունները առանձին անհատին հատուկ, հարաբերակա­նո­րեն կայուն հատկություններ են, որոնք որոշիչ դեր են խաղում անհատի հոգեկան ամբողջ ապարատի դրսևորումների ընթացքում` որոշելով դրանց ուժաբանական որակները, բնույթը: Անձնային առանձնահատկություններն են` անձի ուղղվածությունը, խառնվածքը, բնավորությունը, ընդու­նա­կությունները:

1.3. Հոգեբանության խնդիրներն ու մեթոդները