Добавил:
Опубликованный материал нарушает ваши авторские права? Сообщите нам.
Вуз: Предмет: Файл:

Կարմիրբլուրի կուռքերը

.docx
Скачиваний:
6
Добавлен:
26.12.2020
Размер:
13.73 Кб
Скачать

Կարմիր-բլուրի կուռքերը

Մարտրոսյան Ա.

1947—1957 թվականներին ուրարտական Թեյշեբաինի քաղաքի (Կարմիր- բլուր) պեղումների րնթացքում հայտնաբերվել են տուֆից պատրաստված կուռքեր և ֆալիկ արձաններ (նկ. № № 1, 3, 4, 9, 10), որոնց ուսումնասիրությունը զգալի հնարավորություններ է ընձեռում մոտենալու նախաուրարտական ժամանակաշրջանի պատմության ամենախրթին հարցերից մեկին՝ պաշտամունքային հուշարձանների մեկնաբանությանը և նրանց հետ առնչվող գաղափարախոսության ու հավատալիքների բացահայտմանը ։ Ուսումնասիրությունից պարզվում է, որ Կարմիր-բլուրի կանացի կուռքերն ու ֆալոսաձև արձանները պատկանում են պաշտամունքային բացառիկ նշանակություն ունեցող հուշարձանների թվին, որոնք արտահայտում են տեղաբնակ երկրագործների ու անասնապահների կոմպլեքսային պատկերացումները բուսական ու կենդանական աշխարհի ուժերի մասին։ Նրանք կապված են, հիմնականում, պտղաբերության գաղափարի հետ, որն իր կոնկրետ դրսևորումն էր գտնում բազմաթիվ ծեսերի ու արարողությունների մեջ։ Մենք փորձել ենք իմաստավորել նյութական կուլտուրայի հիշյալ հուշարձանների մորֆոլոգիական առանձնահատկությունները, ելնելով նրանց էությունից և ծիսական արարողությունների հետ ունեցած նրանց աղերսներից ։ Ուսումնասիրվող պաշտամունքային առարկաները պատրաստվում էին մ.թ.ա. XIII—VIII դարերում, Կարմիր բլուրի նախաուրարտական բնակավայրի երկրագործների ձեռքով՝ ուշ նեոլիթյան և էնեոլիթյան տրադիցիաների հիման վրա: Չնայած դրան, նշված ժամանակաշրջանում, երեք տիպերի պատկանող կիսամարդակերպ բուսական օրնամենտով զարդարված պայմանական կանացի կերպարներին առընթեր հանդես են գալիս միանգամայն մարդակերպ արձաններ, որոնց վրա դիտվում են բուսական զարդանախշի աննշան հետքեր միայն: Սրանցով ավարտվում է Կարմիր-Բլուրի անտրոպոմորֆ կերպարների մի ամբողջական սերիան և սկսվում հուշարձանների մի շարք, որոնք բնութագրում են հայկական ժողովրդական պրիմիտիվ քանդակագործությունը և նրա զարգացման տարբեր աստիճանները՝ ընդհուպ մինչև քրիստոնեության մուտքր: Այսպիսով, Կարմիր-բլուրի մարդակերպ կուռքերն ու ֆալոսաձև արձանները հանդիսանում են երկրագործական որոշակի գաղափարաբանության արտահայտիչներ, որոնք ստեղծվել են Հայաստանի նախաուրարտական տեղաբնակների ձեռքով։ Վերջինները, որպես հայերի հիմնական կոմպոնենտներից մեկր, պահպանեցին ոչ միայն հնագույն քանդակագործության յուրահատուկ նմուշներ, այլև նրանց հիմքում ընկած իդեոլոգիական պատկերացումներ և պաշտամունքային արարողություններ ։ Վերոհիշյալ հնագիտական առարկաների նշանակությունը չի սահմանափակվում Կարմիր-բլուրի նախաուրարտական բնակավայրերով։ Հնագիտական և ազգագրական բազմաթիվ նյութերը ցույց են տալիս, որ երկրորդ հազարամյակի վերջերին և առաջին հազարամյակի առաջին քառորդում (ն .մ.թ.) նախահայկական Հայաստանում առանձնապես լայն տարածում էին գտել կանացի աստվածությունների և պտղաբերության սիմվոլի հետ կապված երկրագործական պաշտամունքներն ու ծեսերը։ Ավելին, բերված նյութերը հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ երկրագործության հետ կապված հնագույն պատկերացումներն ու ծեսերը անցել են կրոնական պրիզմաներով և ենթարկվել զգալի փոփոխությունների, պահպանվելով բազմաթիվ դարեր։